13:20   05-08-2022
Image Description
ԱՄՆ-ում կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ են հայտարարել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ հայտարարել, ասել է առողջապահության նախարար Խավիեր Բեկերան։

«Ես կհայտարարեմ հանրային առողջության արտակարգ իրավիճակ: Մենք պատրաստ ենք վիրուսի արձագանքը հասցնել հաջորդ մակարդակին և կոչ ենք անում յուրաքանչյուր ամերիկացու լրջորեն վերաբերվել կապիկի ծաղիկին»,- ասել է նա հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության 6,6 հազար դեպք։

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Loading...