19:45   05-08-2022
Image Description
Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը լուծման ճանապարհին է. Կոտայքի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
 
«Փոխհատուցման տրամադրման աշխատանքների կազմակերպման նպատակով իմ որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է համակարգի գործընթացը:
 
Քիչ առաջ աշխատանքային այց եմ կատարել Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայր, հանդիպել շահառու 15 ընտանիքների անդամներին՝ նրանց ներկայացնելու փոխհատուցում ստանալու ընթացակարգերը՝ ծանուցումների ստացման, դիմումների ներկայացման, ընդունված որոշումների գրանցման, փաստաթղթերի ուսումնասիրության, ցուցակների կազմման և մնացած բոլոր գործառույթների իրականացման հետ կապված:
 
Լսել եմ նաև բնակիչների կողմից բաձրաձայնված հարցեր, որոնց տրվել են մանրամասն պարզաբանումներ:
 
Գառնի համայնքի ղեկավարի և Ողջաբերդի վարչական ղեկավարի հետ պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը, որպեսզի մեկնարկած գործընթացն ընթանա բնականոն՝ առանց խոչընդոտների, և շահառու ընտանիքները կարողանան ստանալ երկար սպասված փոխհատուցումը:
 
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և մարզպետարանի ընդգծված կամքը այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար՝ այն վստահությամբ, որ հաջորդ փուլով լուծվելու են նաև մյուս բնակիչների բնակարանային խնդիրները»,- գրել է Կոտայքի մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:

Loading...