10:07   10-08-2022
Image Description
Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն. Գեղարքունիքի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի իննին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին և նորոգման աշխատանքներին, շրջել է բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ։ Այս մասին նա ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական, ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական ծառայությունները։ Տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով կամ տնտեսված միջոցների հաշվին որոշակիորեն բարելավվել են նաև շենքային ու աշխատանքային պայմանները, սակայն որակյալ բուժծառայությունների մատուցման համար արդեն միավորված բուժհաստատությունը պետք է արմատապես վերազինվի նորագույն բուժսարքավորումներով, ունենա շենքային բարձրակարգ պայմաններ, համալրվի որակյալ բժիշկ մասնագետներով, նեղ մասնագիտական նոր ծառայություններով»,-գրել է մարզպետը:
Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները` հավաստիացրել է, որ շատ շուտով կկարգավորվեն բոլոր խնդիրները, Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն`հագեցած բժշկական նորագույն սարքավորումներով, շենքային պայմաններով եւ որակյալ բժիշկներով։
Այժմ փորձաքննություն է ընթանում Վարդենիսի հիվանդանոցի շենքի սեյսմակայունության վիճակի շուրջ։ Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ շենքն ունի բավարար սեյսմակայունություն, ապա կանգ կառնեն հիվանդանոցի կապիտալ նորոգման և վերազինման տարբերակի վրա, իսկ եթե պարզվի, որ շենքի սեյսմակայունությունը չի բավարարում, կձեռնարկեն նոր շենքի կառուցումը նույն հիվանդանոցի տարածքում, որը կունենա բուժծառայությունների մատուցման ամենաժամանակակից պայմաններ։

Loading...