14:16   10-08-2022
Image Description
Ճապոնիայի կառավարության կազմի փոփոխության պատճառներից է կրոնական կազմակերպության հետ կապը
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն հաստատել է կառավարության նոր կազմը։ Իրենց պաշտոնները պահպանել են միայն 4 նախարարներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը և ֆինանսների նախարարը։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Կիսիդայի կառավարության վարկանիշն ընկել էր Ճապոնիայի բնակչության շրջանում։ Associated Press գործակալության փոխանցմամբ՝ դա առաջին հերթին պայմանավորված է ներքին հարցերով, այդ թվում՝ ինֆլյացիայի, ինչպես նաև «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ քաղաքական գործիչների կապերով։

Մինչև կառավարության նոր կազմի հաստատումը Կիսիդան հայտնել էր, որ «Միավորման եկեղեցու» հետ թեկնածուների կապը նախապայման կդառնա նրանց նշանակման համար։ Կիսիդան նշել էր, որ հանձնարարել է իր նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հստակեցնել իրենց կապը «Միավորման եկեղեցու» հետ, «որպեսզի մենք կարողանանք հասնել քաղաքական և վարչական այնպիսի աշխատանքի, որին ժողովուրդը կարող է վստահել»:

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին սպանվել էր Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն։ Ըստ իրավապահների և լրատվամիջոցների՝ մարդասպանն Աբեին թիրախավորել էր «Միավորման եկեղեցու» հետ ենթադրյալ կապերի համար։ Տղամարդն ասել էր, որ ատում է այդ եկեղեցին, քանի որ իր մոր հսկայական ֆինանսական նվիրատվությունները եկեղեցուն քայքայել էին իր ընտանիքը։

Նոր նշանակումներից հետո Ճապոնիայի արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն նախատեսվում։

Loading...