10:07   12-08-2022
Image Description
Շվեդիան Անկարայի հետ գործարքից հետո առաջին անգամ արտահանձնել է Թուրքիայի քաղաքացուն
Թողնել մեկնաբանություն

Շվեդիայի իշխանությունները համաձայնել են Թուրքիայի քաղաքացու արտահանձնմանն առաջին անգամ այն բանից հետո, երբ Անկարան Ստոկհոլմից պահանջել է որոշ մարդկանց արտահանձնել՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հաստատելու դիմաց, փոխանցում է Reuters գործակալությունը։

Ըստ Շվեդիայի արդարադատության նախարարի՝ արտահանձնվել է մի տղամարդ, ով Թուրքիայում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ 2013 և 2016 թվականներին բանկային քարտերի հետ կապված խարդախության մեղադրանքների պատճառով։

Ընդ որում, անցյալ տարի Շվեդիայում կալանավորված տղամարդը հայտնել է, որ Թուրքիայում իրեն անարդարացիորեն դատապարտել են այն բանի համար, որ նա քրիստոնեություն է ընդունել, ինչպես նաև հրաժարվել է զինվորական ծառայությունից և ունի քրդական արմատներ։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս անձը ներառված է այն անձանց ցուցակում, որոնց արտահանձնումը պահանջել է Թուրքիան։

Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ էին ներկայացրել դաշինքին միանալու համար։ Սակայն Թուրքիան արգելափակել էր այդ դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը։ Մասնավորապես, Անկարան դժգոհ էր այն փաստից, որ սկանդինավյան երկու երկրներն, իբր, ապաստան են տվել Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին։

Սակայն հունիսի 29-ին Անկարան, Հելսինկին և Ստոկհոլմը հուշագիր են ստորագրել անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների բոլոր մտահոգությունները։ Համաձայնագրի շրջանակներում Թուրքիան տրամադրել է այն անձանց ցուցակը, որոնց արտահանձնումն է պահանջում: Դրա դիմաց Անկարան հրաժարվել է սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու առարկություններից։

Այդուհանդերձ, օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրները չեն կատարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի իրենց պարտավորությունները։

Loading...