13:32   16-08-2022
Image Description
Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկին
Թողնել մեկնաբանություն

Իրանն այսօր ուղարկել է իր պատասխանը Եվրոպական Միության կողմից առաջարկված միջուկային համաձայնագրի վերջին տարբերակին և կոչ է արել, որ ամերիկյան կողմը ճկունություն դրսևորի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ըստ իրանցի բանակցողների՝ տարաձայնություններ կան երեք հարցերի շուրջ, որոնցից երկուսը բանավոր կերպով ընդունվել են Վաշինգտոնի կողմից, սակայն Իրանը պնդում է, որ դրանք ընդգրկվեն տեքստում։

Վերջնական պատասխանն ուղարկելուց առաջ երեկ երեկոյան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստ է գումարվել։ Իրանի բանակցող թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հնարավոր գործարքն ավելի մոտ է, քան երբևէ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Վաշինգտոնը կուղարկի իր պատասխանը ԵՄ-ին և պատրաստ է կյանքի կոչել «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը», եթե Իրանն անի նույնը։

Հիշեցնենք՝ 2018 թ․-ին այն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել Իրանի և 6 երկրների միջև 2015 թ․-ին կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնել էր Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը վերսկսել էր ուրանի հարստացումը։

Loading...