18:01   19-08-2022
Image Description
Բլինկենը ՆԱՏՕ-ին է փոխանցել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու արձանագրությունները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ին է փոխանցել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու վավերացման փաստաթղթերը։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։

«Այսօր ես ի պահ հանձնեցի վավերացման փաստաթղթերը Ֆինլանդիայի և Շվեդիայի ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում», – գրել է Բլինկենը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, ստորագրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունները։ Երկրի ղեկավարը հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները շուտով կավարտեն վավերացման գործընթացը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ-ն աշխարհն ավելի անվտանգ կդարձնի։

Ինչպես հայտնի է դարձել, Շվեդիան հրավիրել է Թուրքիային և Ֆինլանդիային՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 26-ին։

Նշվում է նաև, որ Հելսինկին և Ստոկհոլմը կարող են դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ ոչ ուշ, քան 2023 թվականի հունիսին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Նորվեգիայում ունեցած ելույթում ասել էր, որ 30 երկրներից 23-ը պաշտպանել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս երկրների անդամակցությունն ամբողջությամբ վավերացնելու համար անհրաժեշտ է ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր պետությունների հավանությունը։

Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար Ֆինլանդիան և Շվեդիան հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն քննադատաբար էր արձագանքել այս որոշմանը։ Գերատեսչությունում նշել են, որ նման գործողությունները չեն ապահովի այդ երկրներին անվտանգությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ նշել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն արհեստական ​​է։

Loading...