14:44   31-08-2022
Image Description
Կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը. վերընտրվել է նախագահը
Թողնել մեկնաբանություն

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում:

Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ. եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ.՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով: Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել ֆեդերացիայի կանոնադրությունում: Մասնավորապես փոխվել է ֆեդերացիայի անվանումը՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ:

Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային ֆեդերացիայի անվանման նույնական փոփոխության հետ: Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարադահուկավազք, պարալեռնադահուկային սպորտ և պարասնոուբորդ մարզաձևերը: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի և միջազգային ֆեդերացիայի պայմանավորվածության համաձայն՝ այս երեք մարզաձևերն արդեն անցել են միջազգային ֆեդերացիային: Մեկ այլ փոփոխությամբ էլ ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

Գագիկ Սարգսյանի խոսքով՝ շարունակելու են աշխատել զարգացման այն ծրագրով, որը հաստատվել է դեռ մեկ տարի առաջ. «Շարունակելու ենք գնալ նույն ուղիով: Առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը մշակվել է դեռ մեկ տարի առաջ, երբ ես դեռ չէի էլ ընտրվել նախագահի պաշտոնում: Հիմնական կետերը լինելու են մարզաձևի մասսայականության ապահովումը, աշխարհագրության ընդլայնումը, նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, հատկապես՝ երիտասարդ: Բնականաբար պետք է աշխատենք նաև ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ»:

Գագիկ Սարգսյանը կարևորում է նաև կոմիտեների արդյունավետ փոխհամագործակցությունը և ընդգծում՝ մինչև հոկտեմբեր մասնագիտական խմբերի քննարկմամբ կկազմվի ձմեռային մրցաշրջանի ծրագիրը, կհաստատվեն առաջիկա մրցաշրջանի համար անցկացվելիք միջոցառումները, մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները: Նշենք՝ համաժողովի ընթացքում ընտրվել է նաև ֆեդերացիայի 17-հոգանոց նախագահության կազմը:

Loading...