10:21   22-09-2022
Image Description
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին։

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից սկսված Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ տվյալներ։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։ Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

Պաշտպանը տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցի արդյունքների մասին:
Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և իր շնորհակալությունն է հայտնել ԵԽ Երևանյան գրասենյակին արդյունավետ կապի ու համագործակցության համար:

Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում տեղեկատվության փաստագրման և ստուգման հարցում կատարած մեծածավալ աշխատանքի համար: Նա վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հանձնառությունը՝ աջակցելու Պաշտպանի հաստատությանը Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող Գործողությունների ծրագրի շրջանակներում ընթացիկ ծրագրերի միջոցով:

Loading...