11:19   22-09-2022
Image Description
Աֆղանստանում, Եթովպիայում, Հարավային Սուդանում, Սոմալիում եւ Եմենում գրեթե մեկ միլիոն մարդ սովի է մատնված․ ՄԱԿ
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանում, Եթովպիայում, Հարավային Սուդանում, Սոմալիում եւ Եմենում գրեթե մեկ միլիոն մարդ սովի է մատնված կամ սովի կմատնվի այս տարի օգնության բացակայության պատճառով, քանի որ պարենային համաշխարհային ճգնաժամը խորանում է:

«Աֆրիկյան եղջյուրում սաստիկ երաշտը մարդկանց սովամահության եզրին է հասցրել։ Պարենի սուր պակասը արագորեն աճում եւ տարածվում է ամբողջ աշխարհում։ Առանց լայնածավալ հումանիտար արձագանքի, իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կվատթարանա առաջիկա ամիսներին»,- ասվում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ:

Թեեւ գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային գները վերջին ամիսներին հասել են ռեկորդային բարձր մակարդակի, մի շարք երկրներում պարենի տեղական գները շարունակում են բարձր մնալ եւ կարող են էլի աճել, եթե ՄԱԿ-ի միջնորդությամբ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի եւ պարարտանյութերի մատակարարումներն ավելացնելու գործարքը ձախողվի:

Պարենի, վառելիքի եւ պարարտանյութերի բարձր գները ստիպել են զարգացած տնտեսություններին խստացնել դրամավարկային քաղաքականությունը, ասվում է ՊԳԿ-ի «Սովի թեժ կետեր» եռամսյակային զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: Սա բարձրացրել է ցածր եկամուտ ունեցող երկրների համար վարկի արժեքը՝ սահմանափակելով դրանց ներմուծումը եւ ստիպելով նրանց խնայողական միջոցներ ներդնել։

«Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այս միտումները կավելանան, ինչը կհանգեցնի աղքատության եւ պարենի սուր անբավարարության հետագա աճի, ինչպես նաեւ աճող սոցիալ-տնտեսական դժգոհության հետեւանքով առաջացած քաղաքացիական անկարգությունների»,- ասվում է զեկույցում:

Loading...