11:24   22-09-2022
Image Description
215 գերի՝ 55-ի դիմաց․ ո՞ւմ են փոխանակել Մոսկվան և Կիևը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր գերիների ամենամասշտաբային փոխանակությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մոսկվան Կիևին է վերադարձրել է 215 ուկրաինացի զինվորականի, այդ թվում՝ «Ազովստալի» 100 մարտիկների։

Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 200 ռազմագերու դիմաց Ռուսաստանը ստացել է Վլադիմիր Պուտինի մերձավոր, ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, որին Ուկրաինայում մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Իսկ Մարիուպոլի պաշտպանությանը մասնակցած 5 բարձրաստիճան սպաների դիմաց Ուկրաինան վերադարձրել է 55 ռուս ռազմագերու։

Հրամանատարների փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։ Ըստ գործարքի պայմանների՝ մինչև պատերազմի ավարտը ուկրաինացի 5 հրամանատարները նրանք կմնան Թուրքիայում՝ Էրդողանի անձնական պաշտպանության տակ։

Բացի այդ, փոխանակման շրջանակներում ազատվել է 10 օտարերկրացի, այդ թվում՝ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի քաղաքացիներ։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սուդյան Արաբիայի միջնորդությամբ։ Օտարերկրացի ռազմագերիները տեղափոխվել են Սաուդյան Արաբիա։ Նրանց շարքում են նաև բրիտանացիներ Շոն Փինները և Էյդեն Ասլինը, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմը, որոնք ամռանը Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետությունում մահապատժի էին դատապարտվել։

Ռուսաստանն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել գերիների փոխանակումը։

Loading...