17:42   23-09-2022
Image Description
Տիգրան Ավինյանը դատապարտում է Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժի կիրառումը
Թողնել մեկնաբանություն

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացասական երևույթ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանում  լրագրողների հետ ճեպազրույցում` նշելով, որ ոստիկանությունում ծառայողական քննություն է տարվում:

« Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր մեղավոր են,կպատժվեն: Այն ինչ տեղի է ունեցել դատապարտելի է: Կա քննություն, որը պետք է պարզի»,-ասաց նա:

Սեպտեմբերի 21-ին ոստիկանները Եռաբլուր զինվորական պանթեոնից բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողների: Դեպքը հանրային լայն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, ինչից հետո հայտարարություն էր տարածել նաև ոստիկանությունը. 

«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:
Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:
Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,- նշված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Loading...