12:14   26-09-2022
Image Description
COVID-19. Զբոսաշրջիկները բարձր են գնահատում ՀՀ-ում անվճար պատվաստվելու հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության հրապարակում շաբաթը 7 օր գործող շարժական պատվաստումային կետում պատվաստվողների գերակշիռ մասը զբոսաշրջիկներ են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-իմոնոլոգ Ասթինե Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում այցելում են ռուս զբոսաշրջիկները:

«Շաբաթվա բոլոր օրերին աշխատում ենք և օրական ունենում ենք միջինը 40-50 այցելու: Առավել շատ մեզ մոտ պատվաստվողները ՌԴ քաղաքացիներն են: Մեզ մոտ գալիս են նաև իրանցիներ: Կան այցելուներ, որ առաջին անգամ են պատվաստվում, կան, որ խթանիչ դեղաչափերն են ընդունում: ՌԴ քաղաքացիները հիմնականում խթանիչ դեղաչափ են ստանում»,-ասաց Ասթինե Պողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստելը զբոսաշրջիկների համար ևս անվճար է: Ֆիլիպինցի Աննա Գրեյս Բալոդիոն (Anna Grace Balodio) Հայաստանում է որպես զբոսաշրջիկ: Արդեն երկրորդ անգամ է այցելում: Առաջին անգամ այցելությունից հետո շատ է տպավորվել և մեծ ցանկություն է առաջացել շարունակել հայաստանյան բացահայտումների գործընթացը, միևնույն ժամանակ օգտվել կորոնավիրուսի դեմ պատվաստման հնարավորությունից:

 «Սա իմ առաջին պատվաստումն է կորոնավիրուսի դեմ: Մինչ այդ ցանկանում էի տեսնել պատվաստանյութերի առավելությունները, թերությունները: Հիմա ես համոզվել եմ, որ ամեն ինչ կարգին է ու որոշել եմ պատվաստվել: Շատ կարևոր է, որ ձեր երկրում զբոսաշրջիկներին նման հնարավորություն են տալիս»,-ասաց Աննա Գրեյս Բալոդիոն:

Հայաստանյան բացահայտումների հետքերով Երևանում գտնվող ռուս զբոսաշրջիկ Օլգա Սամոյլովան նույնպես օգտվել է պատվաստման հնարավորությունից: Նա որոշել է ստանալ խթանիչ դեղաչափը:

«Զբոսաշրջային այցով ենք այստեղ: Ես Ռուսաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութով եմ պատվաստվել, որոշեցի խթանիչ դեղաչափը ստանալ այստեղ՝ Հայաստանում՝ ընտրելով այլ պատվաստանյութ, որպեսզի կարողանամ այցելել այնպիսի երկրներ, որտեղ չեն ընդունում ռուսական պատվաստանյութը»,- ասաց նա:

Օլգա Սամոյլովան ի սկզբանե կողմ է եղել պատվաստմանը: Պատվաստվելուց հետո իրեն, ընդհանուր առմամբ, լավ է զգացել, փոքր-ինչ անհանգստացրել է թևի ցավը, ինչը կարճ ժամանակ հետո անցել է:  Նա իր գոհունակությունը հայտնեց զբոսաշրջիկներին նման հնարավորություն տալու համար:

«Սա հրաշալի հնարավորություն է: Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին, որ կա այսպիսի հնարավորություն և այն անվճար է: Ասեմ, որ բավական արագ հերթն առաջ է գնում, բժշկական անձնակազմը հրաշալի սպասարկում է, այնպես որ, միայն շնորհակալական խոսքեր են»-հավելեց Օլգա Սամոյլովան:

Շարժական պատվաստումային կետն աշխատում է շաբաթը 7 օր, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն:  Հաշվի առնելով այն, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու թվերն ավելանում են՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-իմոնոլոգ Ասթինե Պողոսյանը հորդորում է ակտիվ լինել, հետևել առողջությանն ու անպայման պատվաստվել: Հատկապես խորհուրդ է տրվում ուշադիր լինել թիրախային խմբերի՝ երեխաների ու 60-ից բարձր անձանց նկատմամբ:  



Loading...