Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը:
«Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասել է Կոպիրկինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին:
«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,- նշել է ՌԴ դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին՝ Կոպիրկինն ընդգծել է, որ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը:
«Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասել է դեսպանը: