13:06   04-10-2022
Image Description
Հայաստանում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ավելի քան 600 բազմաբնակարան շենք. Ղուլարյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ազգային ժողովին ներկայացրեց «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենք»-ի նախագիծը, որի նպատակն է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ Ղուլարյանը նշեց, որ  հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։

«Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից ևս պարտադիր նորմերը չեն կատարվել անհրաժեշտ ծավալով և որակով։ Խնդիրների լուծումն ավելի շուտ կրել է իրավիճակային բնույթ։ Դրա հետևանքով՝ զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։ Մասնավորապես՝ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրված տվյալների համաձայն Հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3,2 տոկոսը։ Հանրապետության բնակավայրերում առկա է նաեւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետեւանքով)»,- ասաց Ղուլարյանը։

Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է՝ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով, հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների հստակեցումը և այդ մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման եւ վերակառուցման՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող եւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր Կառավարության համար:

Loading...