18:48   05-10-2022
Image Description
Կա տեսակետ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին. ԱԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:
Պատգամավորը  հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Պատգամավորը Միրզոյանին խնդրեց ներկայացնել, թե որո՞նք են այդ տարերը և ընդհանուր առմամբ այս ուղղությամբ կա՞ որևէ զարգացում:

«Իրավացի եք, այդպիսի հայտարարություն եղել է և իսկապես մեզ փոխանցվել են այդպիսի փաստաթուղթ: Գիտեք, Ադրբեջանի մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, ըստ էության, և մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին, և մենք ֆիքսել ենք հրապարակավ, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ Ադրբեջանի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք վերլուծում ենք և դեռ կարձագանքենք: Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի: Կլինեն մեր կողմից առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել: Այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- պատասխանեց Միրզոյանը:

Լիլիթ Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին: Պատգամավորը խնդրեց մանրամասնել այդ մեխանիզմները և արդյոք Ադրբեջանն այս հարցում դիրքորոշում ունի, թե ոչ:

«Կրկին հղում պետք է անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը: Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Եվ կիսվեցինք մեր պատկերացումներով, և պատկերացումների հիմնական մասը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղին և այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին: Այս մասով քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ: Երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- եզրափակեց Միրզոյանը:


Loading...