18:59   24-11-2022
Image Description
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի վրա
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունն ակտիվորեն աշխատում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանին հարվածենք այնպես, որ դա ցավ պատճառի, որպեսզի է՛լ ավելի թուլացնենք Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու նրա կարողությունները, և ես այսօր կարող եմ հայտարարել, որ մենք ամբողջ թափով աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, մանրամասներ չի հայտնել, թե ինչ սահմանափակումներ կարող է պարունակել ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը: Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով Մեծ յոթնյակի և այլ գործընկերների հետ միասին ԵՄ-ն կկարողանա հաստատել ռուսական նավթի գնի առավելագույն շեմը: Եվրամիության երկրների մեծ մասը համաձայն Է ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն շեմ սահմանել, սակայն որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, դեմ են դրան՝ նշելով, որ հարկավոր է ռուսական նավթի գնի ավելի ցածր շեմ սահմանել:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները Ժնևում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անհանգստություն են հայտնել մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների սահմանած միակողմանի պատժամիջոցների սոցիալական և տնտեսական հետևանքների առնչությամբ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ նոյեմբերի 23-ին հրապարակված փաստաթղթում ասված Է, որ այդ սահմանափակումների համար գործող, այսպես կոչված, «հումանիտար» բացառությունները, որոնք թույլատրում են պատժամիջոցների ենթարկված երկրներին պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները, անարդունավետ են, ինչը դժվարացնում Է խոցելի բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործը:

Loading...