11:42   29-11-2022
Image Description
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են տեղահանված բնակչության կարիքների գնահատման ու աջակցության հարցեր
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատման ու աջակցության հարցեր։
 
Ալմազ Բուրկուտովը հետաքրքրվել է Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության և պատսպարման, մարզի ազդարարման համակարգի առկայության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։
 
Կարեն Սարգսյանը գործընկերոջն է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը և հայտնել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության  պատրաստակամություն: Ալմազ Բուրկուտովը վստահեցրել է, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեական և արդյունավետ իրականացնելու նպատակով։
 
«Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետևանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ Կառավարության տրամադրած միջոցների շնորհիվ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել և շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։
 
Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։
 
Բնականաբար, այդ ընտանիքներն ունեն նաև այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների և կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր»,- Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը:

Loading...