15:34   02-12-2022
Image Description
Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 
Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, որ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։
 
Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:
 
Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին:
 
Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը և շնորհակալություն հայտնել: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գործում:

Loading...