15:48   02-12-2022
Image Description
Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու չեն կարող ընդունել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, թե  ինչու խորհրդարանը չի կարող ընդունել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որն առաջարկվում էր ընդունել՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ նոյեմբերի 8-ի հայտարարության:

Ռուբինյանը նախ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքային կետերը՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը հակասում է այդ կետերին: «Մենք համարում ենք, որ  Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, և ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ ու առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այդտեղից: Մենք համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում՝ դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն։ Եվ երրորդ՝ մենք համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային  մեխանիզմի մասնակցությամբ: Եվ  պատճառը, որ  «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծի որոշ կետերի հետ համաձայն չենք, այն է, որ այդ հայտարարությունն ընդունելով՝ մենք կհակասենք իմ նշած երեք կետերին։ Կարծում եմ, որ իմ նշած երեք կետերը դուք չեք համարի դավաճանական, թրքահաճո, թրքաբարո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով ևս մեկ քաղաքական փոփոխություն էր արվել. այն է՝ ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխեցնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այլ հակառակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման հրամայականն է առաջինը, որից պետք է բխեցվի հնարավոր կարգավիճակը։

«Սա ևս մեկ պատճառ, որ մենք որոշ կետերի հետ խնդիրներ ունենք»,- եզրափակեց Ռուբինյանը:

Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ քվեարկեց 31 պատգամավոր:


Loading...