12:24   08-12-2022
Image Description
Կնախատեսվեն շինհրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման կարգավորումներ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ՝ շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում կնախատեսվեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվել, և մի կարգավորում որոշվել էր Քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ դեռևս սեպտեմբերին:

«Այն ժամանակ եկել էինք այն եզրակացության, որ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող պետական գնումների օրինակելի պայմանագրերում կարող էինք նախատեսել նորմ, ըստ որի՝ պատվիրատուն կարող է կապալառուից պահանջել, որ շինարարական նորմերը պահպանվեն, և տեխնիկական վերահսկողը դա հաստատի, և դա վերաբերի կահավորման պայմաններին, աշխատանքի անվտանգության պայմաններին: Եվ այդ փոփոխությունը կատարել ենք դեռևս սեպտեմբերին, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է դա նորմատիվ կարգավորման աստիճանի բարձրացնել, այսինքն՝ պարտադիր բնույթ տալ այդ կարգավորումներին:

Մենք այդ հայեցողական կարգավորումը, որ նախատեսված էր օրինակելի գնման պայմանագրերում, հիմա արդեն բերում ենք պարտադիր նորմ դարձնելու կարգավիճակի: Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն: Բոլոր պետական գնումների դեպքում սահմանվում են հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պահանջի բնույթ ունեն: Առաջարկում ենք որ նույն կարգավորումը դառնա այդ պայմանների մաս: Հետայսու ցանկացած պետական մարմին, երբ շինարարական աշխատանքների պատվեր կտա իր գնման պայմանագրում, կնախատեսի պատասխանաոտվության միջոցներ այդ կանոնները պահպանելու համար, և, կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, կնախատեսի համապատասխան կարգավորող միջոցներ. դրանք կարող են լինել կասեցման կամ ֆինանսական տույժի կամ տուգանքների միջոցներ:

Սա դեռևս ամբողջական կարգավորում չէ, սա լուծում է այն հարցը, թե ինչպես է պետությունը հարաբերվելու իր գնումների շրջանակներում: Մենք, սակայն, Քաղաքաշինության կոմիտեի և գործընկեր կառույցների հետ շարունակում ենք աշխատել. Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կբերենք առաջիկայում, որը այս նույն պահանջները կընդհանրացնի նաև մասնավոր հատվածում պատվիրատու և կատարող հարաբերությունների նկատմամբ: Այսինքն՝ մենք այս պահանջները կտարածենք ոչ միայն պետության գնումների շրջանակներում առաջացող հարաբերություններում, այլև կհետևենք պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, հիմք կստեղծենք տեսչական մարմինների համար մասնավոր-մասնավոր փոխհարաբերություններում, եթե այդ նորմերից շեղումներ արձանագրեն»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ խոսքը շինհարապարակում ստանդարտ սահմանելու մասին է, թե շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, աշխատողներն ինչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն:

«Այստեղ հարցերը բազմաշերտ են, և նաև, սկսած նրանից, որ այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում մենք նախորդ շրջանում տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա, երբ որ շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել: Բայց, մյուս կողմից, անընդհատ մենք այդ ահազանգերը ստանում ենք, և տեսնում ենք նաև, որ օդի փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում, և սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, և մենք պետք է այս հարցում հետևողական լինենք:

Մյուս կողմից՝ սկսած նրանից, թե բուն շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհարապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են և ունեն և՛ անվտանգային, և՛ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading...