16:11   08-12-2022
Image Description
Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից
Թողնել մեկնաբանություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունը ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և այն դարձնել առանձին մարմին:

«Ըստ օրենքի նախագծի փաթեթի՝ նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում՝ 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,- ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ առաջարկվում է լրամշակել Ազգային ժողովի նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը, որպեսզի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

«Հանրապետության նախագահի և վարչապետի և նրանց ընտանիքների անդամների համար գործող կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է  սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է, որ ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը ՀՀ պետական բյուջեի միջոցներին հաշվին լինի: Ընդ որում՝ նույնաբովանդակ կարգավորում է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար»,- ասաց Գրիգորյանը:

Loading...