11:54   18-03-2023
Image Description
Հանրապետությունում արդեն համարակալվել ու հաշվառվել է 370 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանի
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում համարակալվում և հաշվառվում են խոշոր եղջերավոր կենդանիները: էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի անասնաբույժներն ու համաճարակաբանները շրջում են գյուղերով, պիտակների միջոցով համարակալում են խոշոր եղջերավորներին: Շիրակի մարզում արդեն  հաշվառել ու համարակալել են 57 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանիների:

Խոշոր եղջերավորներին համարակալում են առաջին անգամ: Մասնագետներն ասում են, որ սրանով կենդանիների տեղաշարժի վերահսկումն են ապահովելու, ինչպես նաև  հնարավոր  վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունն է բարձրանալու։

«Արդեն համարակալված ունենք, որոնք մուտքագրված են համակարգ, 370 հազար խոշոր եղջերավոր կենդանի, բայց փաստացի համարակալվածների թիվն ավելի շատ է։ Գործընթացը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի, որպեսզի կենդանին իր կյանքի ժամանակահատվածում ունենա մեկ ինդենտիֆիկ համար և տարբեր համաճարակների ժամանակ հնարավոր կլինի կառավարել  այդ համավարակները։ Մյուս կողմից ավելի արդյունավետ կդառնան  այն հակահամաճարակային միջոցառումները, որոնք պետությունն իրականացնում է»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Արման Խոջոյանը։

Իննանիշ թվով պիտակները ռադիոհաճախականությամբ են, յուրաքանչյուր մարզ ունի իր հատուկ կոդը: Շիրակի մարզի կենդանիները հաշվառվում են 105  համարի կոդով սկսվող պիտակներով: Կենդանիների բոլոր տվյալները նախ գրանցվում են հատուկ մատյանում, հետո վերահսկողության համար նույն տվյալները կմուտքագրվեն էլեկտրոնային համակարգ:

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը մասնագետներին  կօգնի պրոֆիլակտիկ որոշ միջոցառումների և պատվաստումների ժամանակ՝ օրինակ արյունառման դեպքում։ Վարակված կենդանուն շատ հաճախ անասնատերը հնարամտորեն կարողանում էր թաքցնել, որպեսզի հարկադիր մորթի չենթարկեր:

Խոշոր եղջերավորների հայտնաբերմանն ու տեղաշարժի հետագծին հետևել կօգնեն պիտակների վրա առկա QR կոդերը։ Այս կերպ հնարավոր կլինի նաև հեշտությամբ բացահայտել անասնագողությունը, իհարկե, պարեկների օգնությամբ: Համարակալումից հետո անասնատերերը կկարողանան նաև կենդանիները դարձնել  գրավի առարկա:

Եվ ի վերջո, համարակալումն ու հաշվառումը թույլ կտան ունենալ հանրապետությունում առկա գլխաքանակի մասին հստակ տվյալներ, ինչն էլ կօգնի տարեկան նախատեսված պլանային  պատվաստումների համար ճշգրիտ քանակով պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում: Հիմա համարակալմանը զուգահեռ  վակցինատորները կատարում են նաև դաբաղի դեմ պատվաստումներ:

Loading...