12:39   18-03-2023
Image Description
Արթիկի տուֆի լքված քարհանքերի 40 հեկտար տարածքն անտառապատվել է, հիմնվել է նաև հանգստի գոտի
Թողնել մեկնաբանություն

2016 թվականի հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառը երբևէ շահագործված քարհանքերում տարիներով կուտակված թափոններն էին, որոնց հետևանքով փակվել էին սելավաջրերի հունը։ Ուժեղ կարկուտից ու անձրևից հետո առաջացած ջրի հոսքին չդիմացան քաղաքով անցնող երկու հեղհեղատարները։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին հարակից թաղամասերը՝ լուրջ ավերածություններ հասցնելով բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։

Հետևանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերով լիովին չկանխվեցին այն վտանգները, որոնք կարող էին սպառնալ նոր հեղեղումների դեպքում։ Խնդրի լուծման ուղղված դրամաշնորհային ծրագիր գրվեց, որի  երեք բաղադրիչներից մեկն եղավ ժամանակակից ենթակառուցվածքների կառուցումը:

«Ծրագիրը մի քանի բաղադրիչներ ուներ։ Առաջին բաղադրիչով  իրականացվել է Արթիկ-ջուր գետով հոսող ջրային հեղհեղատարների  մեղմման, կասկադների կառուցման աշխատանքներ գաբյոնների միջոցով, մաքրվել են գետի վրայով անցնող փոքրիկ կամուրջների բետոնային խողովակաշարերը»,- նշում է  ՇՄ նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը։

Փակ, լքված քարհանքերի թափոնների և ջրհեղեղների կառավարման ծրագիրը Արթիկում մեկնարկել էր 2019 թվականին՝ ջրհեղեղից 3 տարի անց: Հեղեղատարների մաքրման ու պաշտպանիչ պատվարների կառուցման աշխատանքներից բացի, Արագած լեռան լանջերին մոտ շուրջ 40 հեկտար լքված հանքավայրերի տարածքում  իրականացվել են նաև անտառ-պուրակի, ինչպես նաև հանգստի գոտիների հիմնման աշխատանքներ:

Հիմնված անտառ-պուրակում տնկվել է տեղի բնակլիմայական պայմաններին հարմարվող 26 հազար ծառատեսակներ՝ սոճիներ,կաղնիներ, եղևնիներ և այլն: Մոտ 3 հեկտար անտառ է հիմնվել նաև Վարդաքարի ջրամբարի հարակից տարածքում:

Ծրագրի մյուս բաղադրիչով իրականացվել է 300 հա վարելահողերի, 190 հա արոտավայրի և 15 հա խոտհարքների պարարտացման, իսկ որոշ հողատարածքներում իրականացվել են նաև ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

«Դիտարկվել է, թե ինչպիսի դեգրադացիա կա այդ հողերում, ինչպիսի հողաբարելավման անհրաժեշտություն կա, և իրականացվել են  հողաբարելավման աշխատանքներ, ինչի արդյունքում բնակիչները ստացել են առավել որակյալ կամ առավել մեծ ծավալի բերք»,-ասում է Արմեն Եսոյանը։

Loading...