19:00   24-03-2023
Image Description
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանին քաջալերում են գնալ նոր սադրանքների. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների:

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին: Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:

Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ՀՀ Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը:

«Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում, իբր, ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն ՀՀ ԱԺ-ում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների՝ բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում՝ շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները:

Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի և դա երաշխավորի Սահմանադրությամբ»,- ասաց նա:

Loading...