16:30   07-06-2023
Image Description
Առողջապահության նախարարության և բժշկական ասոցիացիաների հարաբերություններն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեն
Թողնել մեկնաբանություն

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ, օրենքի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը, նախագիծը միտված է առողջապահության նախարարության և բժշկական ասոցիացիաների հարաբերություններն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն։

«Հայաստանի առողջապահության բնագավառում ասոցիացիաների դերը բարձր չէ, և սույն օրենսդրական կարգավորումը նպատակ ունի ուժեղացնել վերջիններիս դերակատարումը համակարգում, նպաստել կազմակերպությունների կայացմանը, պայմաններ ստեղծել, որպեսզի ավագ և միջին բուժաշխատողները ցանկություն ունենան անդամակցել մասնագիտական կազմակերպություններին, ինչպես նաև կանոնակարգել վերջիններիս գործունեությունը՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների համար համապատասխան գործառույթներ նախատեսելու միջոցով»,- նշված է հիմնավորումների մեջ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մի քանի պարզաբանում է ներկայացրել՝ շեշտելով, որ Հայաստանում մարդը, ասոցիացիաները, հկ-ներն իրավունք ունեն անել այն, ինչն արգելված չէ օրենքով, և ներկայացված նախագծով չի սահմանափակվում որևէ առաջարկով, նախաձեռնությամբ կամ մասնագիտական կարծիքով հանդես գալու իրավունքը. «Մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է․ շարունակական մասնագիտական զարգացումը դրան նպաստել է»։

Loading...