19:41   07-06-2023
Image Description
Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը
Թողնել մեկնաբանություն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին:

Ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետ Ավինյանը նախ առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար առկա է լայն դաշտ և կա անհրաժեշտություն՝ նոր թափ հաղորդելու երկուստեք հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն իր հիացմունքն է արտահայտել Երևանի հարմարավետության ու մատուցվող ծառայությունների որակի առնչությամբ: Էդիտե Մեդնեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու քույր-քաղաքների միջև մշակութային և տնտեսական կապերի զարգացման հարցում:

Հանդիպման օրակարգում է եղել նաև Երևանում Լատվիայի տուն բացելու նախագծի իրականացումը: Կողմերը փաստել են, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, նորարարությունների ու գիտության ոլորտում գործակցության համար:

Loading...