15:38   04-09-2020
Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայ-ադրբեջական հուլիսյան սրացումներից հետո որոշել է մշակութային բովանդակությամբ հագեցնել Տավուշի մարզը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում:

«Գիտեք, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի խմբեր ելույթ են ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքներում, և ոգևորությունը պարզապես աննկարագրելի է: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, առանց չափազանցության համարում եմ պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոն, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է, իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանմերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝  Ֆիլհամոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»,- ընդգծեց Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է, որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին, չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:

Loading...