17:16   08-09-2020
Հայաստանն ու Արցախը պետք է միասին պատրաստ լինեն դիմակայելու անվտանգային մարտահրավերներին. քաղաքագետ
Թողնել մեկնաբանություն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը Հայաստանի ու Արցախի առջև առկա անվտանգային մարտահրավերների հաղթահարումը տեսնում է միասնականության մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պողոսյանն ասաց սեպտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսում`նշելով, որ անվտանգային խնդիրները ստեղծում են Ադրբեջանն ու Թուրքիան:

«Թուրքիան այսօրվա իր վարած քաղաքականությամբ փորձում է այլևս բացահայտ իր ազդեցությունը տարածել Միջին Արևելքում, Միջերկրական ծովում, Լիբանանի ներքին գործերին խառնվելով, նաև մեր տարածաշրջանում: Թուրքիան ամեն ինչ արեց, որ Ադրբեջանն ինչ-որ չափով գնա սրացումների, ինքն էլ ասի, որ Ադրբեջանի կողքին է, նույնիսկ շատ ժամանակ այնպիսի նախադասություններ օգտագործելով, որ կարծես բացահայտի, թե ինքն էլ է Ղարաբաղյան հակամարտությունում կողմ, ինքն էլ է դիտարկում, որ հայերն իր թշնամիներն են»,- ասաց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը հավելեց, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ շատ ակտիվ զորավարժություններ է իրականացնում, պատրաստվում են ինչ-որ գործողությունների և փորձում են լուծել այն բացերը, որոնք իրենք տեսել են հուլիսյան մարտերի ընթացքում:

«Հայաստանը պետք է լավ գիտակցի իր առջև կանգնած բոլոր անվտանգության մարտահրավերները և Արցախի հետ միասին պատրաստ լինի դրանց դիմակայելու, իսկ դրա լուծման հնարավորությունը մեր միասնականությունն է»,- նշեց քաղաքագետը:

Loading...