17:34   08-09-2020
«Բանակի տղան»․ լույս է տեսել գիրք Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մասին
Թողնել մեկնաբանություն

Արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը, որը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Արզումանյանը նշեց, որ Ուրֆանյանը իր համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, այդ իսկ պատճառով որոշեց նրա մասին պատմվածքներ գրել։ Խոսելով վերնագրի ընտրության մասին՝ Արզումանյանը նշեց, որ մի անգամ Ուրֆանյանն իր մոր հետ խոսելիս ասել է. «Մամ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»։  «Բանակի տղան» գիրքն ամբողջացնում է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի կերպարը»,- ասաց Արզումանյանը։

Գրողը պատմում է, որ Ուրֆանյանի ամեն նկարին նայելու ժամանակ նրա հետ երկխոսության մեջ էր մտնում, և հերոսն ասես ուղեկցում էր իրեն։ 

«Քանի որ «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիրն եմ, իմ այցելություները դիրքեր հաճախ են լինում, մեր զինվորների հետ հաճախ եմ զրույցներ ունենում, ամեն զինվորի պատկերացնում էի հերոս։ Արմենակի մասին գրքում Արցախյան կոլորիտով պատվածքներ տեղ գտան, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում հարցազրույցները նրա հրամանատարների հետ»,- ասաց Արզումանյանը։

Գրողը նշեց, որ գրքում կան նաև Ուրֆանյանի մասին հարցազրույցներ մարտական ընկերների, հարազատների հետ, ինչպես նաև ընդգրկվել են Ուրֆանյանի մասին նրա մոր հուշերը։ Արզումանյանը նաև գրքում ընդգրկել է Ուրֆանյանին և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված իր բանաստեղծությունները ։

Loading...