12:39   09-09-2020
Հնագետները Շոտլանդիայում Երկաթի դարին թվագրվող բնակավայրի ավերակներ են հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն

Հնագետներն Էդինբուրգում Արթուրի նստավայր անունով բլրի գագաթին հայտնաբերել են նախապատմական մի բնակավայր, որտեղ Վոտադինների խորհրդավոր կելտական ցեղն է ապրել, գրում է Edinburghlive-ը։ 

Հնագետները ենթադրում են, որ գտնված ավերակները պաշտպանական շինություններ են եղել, որոնք կառուցվել են Երկաթի դարում (մոտ երեք հազար տարի առաջ)՝ Շոտլանդիայի հարավարևելյան հատվածում ապրող բավականին ազդեցիկ ցեղի՝ Վոտադինների կողմից։ 

Չնայած, որ բլուրն այժմ վայրի ու անմարդաբնակ տեսք ունի, սակայն հետազոտողների խոսքով՝ ինչ-որ ժամանակ այդտեղ աղմկոտ ու բազմամարդ բնակավայր է եղել։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում կատարված պեղումների ընթացքում հնագետներն այս շրջանում 5,4 մետր լայնությամբ և 1,2 մետր բարձրությամբ քարե պատեր են հայտնաբերել, որոնք կրկին պաշտպանական նշանակություն են ունեցել։ Նշվում է, որ հին ցեղերը բլրի բարձրադիր հողերն օգտագործել են գյուղատնտեսության և անասնապահության համար։ Այստեղ զարգացած է եղել առևտուրը։ 

«Սրանք եղել են ծրագրված աշխատանքներ, որոնց նպատակը հին կառույցների վիճակի գնահատումն է եղել։ Ի սկզբանե պեղումները մարտին էին սկսվել, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել էին։ Որպես 1000 տարվա պատմություն ունեցող հուշարձան, Հոլիրուդ պարկում շատ կան նմանատիպ ավերակներ, որոնք ցույց են տալիս, թե ովքեր են նախկինում ապրել այդտեղ»,- նշել է Historic Environment Scotland (HES) կազմակերպության ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով՝ գիտնականներն այժ հնագույն պատերի ուսումնասիրությամբ են զբաղվում, որպեսզի ապագայում կարողանան լիարժեք պատկեր ստանալ, թե ինչպես է այդ տարածաշրջանը զարգացել տարիների ընթցքում։

Գրում է՝ Tert.am-ը: 

Loading...