11:46   17-09-2020
Տրանսպորտային միջոցների տեխզննության պարբերականությունը կփոխվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է փոխել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 17 դեմ և 21 ձեռնպահ ձայներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր՝ փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:  

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Քվեարկությունից առաջ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հայտնել էր՝ քանի դեռ չի ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, թե ինչ չափանիշներ են սահմանվելու և թե դա հետո ինչ բեռ է լինելու քաղաքացու վրա, այս փուլում «Լուսավոր Հայաստանը»-ը կքվեարկի դեմ: Երբ որոշման նախագիծ կլինի, կվերանայեն իրենց որոշումը:

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հայտնեց, որ քվեարկելու են ձեռնպահ՝ համարելով, որ կան շտկելու շատ բան կա, առաջարկություններով հանդես կգան:

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...