12:37   17-09-2020
Արթիկում սկսվել է արևային կայանի շինարարության գործընթացը
Թողնել մեկնաբանություն

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության»  նախաձեռնությամբ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացվում է  վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում Արթիկում՝   կկառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ համայնքի էներգետիկ խնդիրները հոգալու, ինչպես նաև արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար առաջին անգամ կփորձարկվի «հանրային-մասնավոր» համագործակցության ձևաչափը։

Ծրագրի համակարգող կազմակերպության՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով, Արթիկում արևային կայանի կառուցման նպատակով  համայնքն արդեն հատկացրել է   մոտ 1.3 հա հողակտոր։ Վերջին ամիսների ընթացքում, Արթիկի ավագանու որոշմամբ և կառավարության ընթացակարգերի համաձայն, փոխվել է հողի նպատակային նշանակությունը, ստեղծվել է Արթիկի «Արևային կայան» ՓԲԸ, և հողը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է ՓԲԸ-ին։ Համայնքի կողմից տրամադրվել է նաև ճարտարապետա-նախագծային առաջադրանք, որի հիման վրա սկսվել են նախագծման աշխատանքները։

Loading...