15:05   17-09-2020
Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը թույլատրեց  Իրանում գրանցված  «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ընդունված որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի ու Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ:

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր ու ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P):

Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը: 

Loading...