15:25   17-09-2020
Արցախի ԱԳՆ․ Անթույլատրելի է լիբանանահայերին դարձնել Բաքվի շահարկումների առարկա
Թողնել մեկնաբանություն

Արցախի իշխանությունն անթույլատրելի է համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Այսպես է Արցախի ԱԳՆ-ն արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքին, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց երկրի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։

«Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Տեղեկացնում է՝ Panarmenian.net -ը:

Loading...