15:29   17-09-2020
Ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

 Կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակի կրման պայմանների խստորեն պահպանումը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի թվի աճին: Վարչապետը ոստիկանապետից պահանջեց՝ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն, ընդգծելով, որ դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթն ու բերանը փակելու համար:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ: «Կորոնավիրուսից մահացած 925 մարդ ունենք, 283՝ կորոնավիրուսով վարակված, սակայն մահացած այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, և ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն երկրները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել, ունեն տնտեսական ամենախորն անկումը: «Եվ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, ու մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Loading...