10:55   18-09-2020
Ամերիկացի ընտրողների շրջանում Բայդենը համազգային մակարդակով Թրամփից առաջ է անցնում տոկոսային 9 կետով
Թողնել մեկնաբանություն

Ըստ Reuters / Ipsos-ի հարցման՝ ամերիկացի ընտրողների շրջանում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը համազգային մակարդակով հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփից առաջ է անցնում տոկոսային 9 կետով։ Հարցման արդյունքները վկայում են, որ երկրում «օրենքն ու կարգը» վերականգնելու Թրամփի ձգտումը չի համընկնում արվարձանների բնակիչների հիմնական ակնկալիքներին։

Սեպտեմբերի 11-15-ն անցկացված հարցումը ցույց է տվել, որ հավանական ընտրողների 50 տոկոսը պատրաստվում է քվեարկել Բայդենի օգտին, իսկ 41 տոկոսը՝ Թրամփի։ Եվս 3 տոկոսը կաջակցի անկախ թեկնածուներից մեկին, մնացածը դժվարացել են պատասխանել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների մեծ մասն արդեն կողմնորոշվել է ընտրության հարցում։ Բայդենի 10 հավանական ընտրողից 9-ը եւ Թրամփի 10 հավանական ընտրողից 8-ը հայտարարել են, որ իրենց ընտրությանը «լիովին վստահ» են։ Միայն Բայդենի 10 հավանական ընտրողից 1-ը եւ Թրամփի 10 հավանական ընտրողից 2-ից պակասն է ասել, որ վերջնականապես չի կողմնորոշվել։

Հարցման համաձայն՝ նոյեմբերի 3-ի ընտրություններում բացարձակ թվերով հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի Բայդենը։ Այդուհանդերձ հավանական ընտրողների 9 տոկոսը ընտրության հարցում չի կողմնորոշվել կամ դեռեւս չի աջակցում հիմնական կուսակցություններից ոչ մի թեկնածուի։ Նրանց որոշումը առաջիկա շաբաթներին կարող է որոշել հաղթողի անունը։

Ի դեպ, իրեն տրված ձայների բացարձակ թվով թեկնածուի առավելությունը չի նշանակում ընտրություններում պարտադիր հաղթանակ, որի ելքը որոշելու է յուրաքանչյուր նահանգը ներկայացնող Ընտրիչների կոլեգիան։ Թրամփը 2016 թվականին հաղթեց, չնայած այն հանգամանքին, որ Հիլարի Քլինթոնին պարտվել էր ընտրողների իրեն տրված ձայների թվով։

Թրամփը, որն այս տարի համազգային հարցումների մեծ մասում զիջել է Բայդենին, վերջին ամիսներին փորձում է իր ընտրաշավի կիզակետը վերակողմնորոշել հակառասիստական բողոքի ցույցերի վրա, որոնք ամբողջ երկրում սկսվել էին ոստիկանների հետ բախումներում աֆրոամերիկացիների սպանություններից հետո։ Թրամփը փորձել է դիրքավորվել որպես «արվարձանային կենսակերպի մասին երազանքի» պաշտպան՝ հայտարարելով, որ արվարձաններում բնակվող ամերիկացիները ամենաշատը երազում են անվտանգության մասին։

Reuters / Ipsos-ի հարցումը ցույց է տվել, որ թեկնածուի «հանցավորության եւ քաղաքացիական անկարգությունների դեմ խիստ պայքարով» ենթադրյալ շահագրգռվածությունը առավել կարեւոր գործոն է արվարձանների սպիտակամորթ բնակիչների միայն 11 տոկոսի համար։ Այս ցուցանիշը 15 տոկոսից նվազել է սեպտեմբերի 3-8-ն անցկացված հարցման արդյունքներով։

Դրա փոխարեն նրանք, ինչպես բոլոր ամերիկացիները, զգալիորեն զգուշանում են կորոնավիրուսից, որի հետեւանքով ԱՄՆ-ում այս պահին մահացել է 195 հազարից ավելի մարդ՝ ավելի շատ, քան աշխարհի ցանկացած ուրիշ երկրում։

Քվեարկության ժամանակ ամենակարեւոր գործոնի մասին հարցին արվարձանների սպիտակամորթ բնակիչների 27 տոկսը նշել է համավարակի դեմ պայքարի հուսալի ծրագիրը, իսկ 25 տոկոսը հայտարարել է, թե ցանկանում են նախագահի ընտրել, որը կվերականգնի ամերիկյան կառավարության հանդեպ վստահությունը։ Եվս 19 տոկոսը հայտարարել է, որ նախագահ է պետք, որը լավ է հասկանում տնտեսության եւ աշխատատեղերի ստեղծման հարցերը։

Թրամփը հիմա նախատեսում է 10 մլն դոլար ծախսել տնտեսության հարցերի հետ կապված գովազդի համար՝ հենց այս ուղղությունն է համարվում նրա ամենաուժեղ կողմը։ Մեծահասակ ամերիկացիների 45 տոկոսը կարծում է, որ Թրամփն ավելի լավ կլուծի տնտեսության վերականգնման հարցը՝ 36 տոկոսի համեմատությամբ, որոնք Բայդենին լավագույն տնտեսագետ են համարում։

Reuters / Ipsos-ի հարցումն անցկացվել է առցանց Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել է 1358 մարդ, ներառյալ 859 հավանական ընտրող։ Հարցման սխալի միջակայքը կազմում է մոտ 4 տոկոս։

Գրում է՝ News.am -ը:

Loading...