11:47   18-09-2020
Image Description
«Թույլ մի՛ տվեք, որ տաք պատերազմ սկսի». Լուկաշենկոն փակում է Լիտվայի, Լեհաստանի հետ սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ստիպված է Լիտվայի, Լեհաստանի հետ փակել, իսկ Ուկրաինայի հետ խստացնել երկրի սահմանները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նա դիմել է այդ երկրների ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնեցնել իրենց «խենթ» ղեկավարներին ու թույլ չտալ, որ «տաք պատերազմ» սկսի:

«Ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից, ինչպես արդեն ասել եմ, բանակի կեսը ոտքի հանել, և փակել Արևմուտքի, հատկապես՝ Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանները։ Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք նաև ուժեղացնել սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հավելել է նաև, որ ակտիվացվել են նախկինում ծրագրված զորավարժությունները․ դրանք այժմ ընթանում են երկրի արևմտյան հատվածում։

«Չեմ ուզում, որ Բելառուսը, նույն Լեհաստանը, Լիտվան դառնան ռազմական գործողությունների թատերաբեմ, որտեղ մեր հարցերը չեն որոշվելու»,-նշել է Լուկաշենկոն և կոչ արել Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի ժողովուրդներին կանգնեցնել իրենց «խենթ» քաղաքական գործիչներին և թույլ չտալ, որ պատերզմ սկսվի։

Լուկաշենկոյի խոսքով՝ հիմա որոշվում է Բելառուսի, Ռուսաստանի և, գուցե, ամբողջ Եվրոպայի հարցը:

«Չի կարելի իրավիճակը տաք պատերազմի հասցնել»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Բելառուսում լարված ներքաղական իրավիճակ է: Բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Գրում է՝ Tert.am -ը:



Loading...