17:01   18-09-2020
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
Թողնել մեկնաբանություն

2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանակի մամուլի ծառայությունը:

«ՎՖԲ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասաց Լեհաստանի փոխվարչապետ և պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը:

ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:

«ՎՖԲ-ն կայուն և անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ և բեղմնավոր հարաբերություններին», - նշեց Լեհաստանի Պետական ակտիվների նախարարության վերլուծությունների և հաշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին:

Loading...