17:21   18-09-2020
Պատգամավորները խստագույնս դատապարտեցին Սան Ֆրանցիսկոյի եկեղեցուն կից կենտրոնի վրա հարձակումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խստագույնս դատապարտում են ազգային և կրոնական պատկանելության հողի վրա բոլոր տեսակի հանցագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակմանը:

«Ես ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական պատկանելության հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանություններն ու պատկան մարմինները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտաբերելու բոլոր հանցագործներին և պատասխանատվության ենթարկելու»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ թեպետ դեռևս հանցագործները հայտնաբերված չեն, սակայն դժվար չէ կռահել, թե ովքեր կարող են հրահրած լինել այդօրինակ գործողությունները՝ հաշվի առնելով Տավուշում վերջին իրադարություններից հետո նույն Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի արձանի և մյուս հայկական հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները:

«Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, և մեզ համար հասկանալի չէ դպրոցի, եկեղեցու, հուշարձանների նկատմամբ վանդալիստական գործողությունները, բայց նկատի ունենալով, թե ովքեր են դրա հետևում կանգնած, այն է՝ մեր հարևան որոշ երկրներ արևելքից ու արևմուտքից, մենք չենք հասկանում այդ գործողությունները, բայց այլևս չենք զարմանում»,-ասաց Հայրապետյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ վստահաբար բոլորով միանում են այդ դիրքորոշմանը:

Loading...