17:50   18-09-2020
Կիեւում քննարկվել են հայկական պատմական ժառանգության պահպանման հարցերը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում կլոր սեղան է տեղի ունեցել` «Ընդհանուր պատմական ժառանգության մասսայականացումը» թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Քննարկմանը մասնակցում էին Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը, կրոնական գիտնական Ռուսլան Խալիկովը, փորձագետներ Օլեգ Սահակյանը, Մարատ Հակոբյանը եւ Իլյա Կուսան:

Գիտական եւ փորձագիտական համայնքի եւ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները քննարկել են հասարակությունը համախմբող պատմական փաստերի լայն լուսաբանման թեման, ինչպես նաեւ` պատմական եւ մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման խնդիրները:

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության առաջարկները երկրի տարբեր մարզերից, որոնց նպատակներն ու իրականացման ուղիները դրական արձագանք են ստացել բոլոր մասնակիցների կողմից: Անտոն Դրոբովիչը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության դերը, որը մեծ ներդրում է ունենում երկրի սոցիալական եւ մշակութային կյանքում: Նա շեշտել է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներն ուղղված են հասարակության միավորմանը եւ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացմանը: Դրոբովիչը նշել է, որ մոտ օրերս Հայաստանը նշելու է Անկախության օրը` Հայաստանին եւ հայ ժողովրդին խաղաղություն եւ նոր ձեռքբերումներ մաղթելով:

Կլոր սեղանի արդյունքում մի շարք որոշումներ են ընդունվել, որոնք ուղղված են հասարակական կազմակերպությունների եւ գիտական հաստատությունների միջեւ շփումների ակտիվացմանը` հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է դարձել, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Loading...