18:35   18-09-2020
Ֆրանսիայում տեղի է ունեցել հուլիսին հայ ցուցարարների վրա հարձակված թուրք ազգայնականների գործով առաջին դատական նիստը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում թուրք ներգաղթյալ, «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամ Ահմեթ Չեթինն ու նրա գլխավորած խմբի մի շարք անդամներ, որոնք հուլիսի 24-ին Դեսին քաղաքում հարձակվել էին հայազգի խաղաղ ցուցարարների վրա, դատարանի առաջ են կանգնել հայերի նկատմամբ «ատելության հողի վրա կատարած հանցագործության» մեղադրանքով: Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, գրում է Euronews-ի թուրքալեզու ծառայությունը:

Ավելի վաղ Չեթինը սոցցանցերում ուղիղ եթերի շամանակ հայտարարել էր.«Թող Թուրքիայի կառավարությունն ինձ ամսական 2000 եվրո և զենք տա և ես Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ ասեն»:

Բուրգ ան Բրեսի դատախազությունը Չեթինի համար որպես պատիժ պահանջել է 6 ամսվա հետաձգմամբ ազատազրկում, 5 տարով ընտրելու իրավունքից զրկում և 2000 եվրո տուգանք:

Չեթինի փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանյալն արդեն հասկացել է իր սխալը և դադարեցրել է քաղաքական գործունեությունը, և այսուհետ զբաղվելու է միայն իր ընտանիքի հոգսերով:

Դատական գործով որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 5-ին:

Նշենք, որ հուլիսի 24-ին Լիոնին հարակից Դեսին քաղաքում տեղի հայերը իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի դիրքորոշման և Ադրբեջանի պահվածքի դեմ` կապված հուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ, երբ թուրքական խումբը կտրող-ծակող գործիքներով հարձակվել է ցուցարարների վրա:

Loading...