14:14   20-09-2020
Իրանում խոստացել են շարունակել վրեժ լուծել սպանված գեներալ Սոլեյմանիի համար
Թողնել մեկնաբանություն

Իրաքում ամերիկյան բազաներին հասցված հարվածը վերջնական վրեժ չէր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եթե ամերիկացիները ցանկանում են կռվել մեզ հետ, նրանք պետք է լինեն տարածաշրջանում, նրանք չեն կարող պատերազմել մեզ հետ տարածաշրջանից դուրս: Երբ նրանք տեղակայվում են տարածաշրջանում, ամենուր գտնվում են մեր հսկողության և տեսադաշտի տակ: Մենք ի վիճակի ենք այրել նրանց բոլոր շահերն ու բազաները տարածաշրջանում, կարող ենք գրավել ամերիկյան բոլոր բազաները: Մենք կարող ենք մաքրել տարածաշրջանը»,-հայտարարել է Սալամին:

Սալամին նշել է, որ գործողությունը, որի ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքում ամերիկյան բազաների, այդ թվում ՝ «Այն ալ Ասադ» բազայի վրա, դեռևս վրեժ չէ Սոլեյմանիի մահվան համար, այն ընդամենը վերականգնել է հոգեբանական հավասարակշռությունը: Ամերիկացիները, ըստ հրամանատարի, պետք է վճարեն իրանցի գեներալի մահվան համար, ինչը նրանք դեռևս չեն արել:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...