11:29   22-09-2020
Մեծ Բրիտանիայում իշխանություններն ինքնամեկուսացման մեջ գտնվող և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին 500 ֆունտ ստերլինգ կբաժանեն
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակման կամ հիվանդի հետ շփման պարագայում ստիպված ինքնամեկուսացման մեջ գտնվող և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար աջակցման նոր միջոցառումներ են ձեռնարկել, գրում է ВВС-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարար Մեթ Հենկոկի հայտարարությանը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառումների շրջանակներում քաղաքացիներին նախատեսվում է 500 ֆունտ բաժանել: Նշվում է, որ նոր համակարգը հասանելի է լինելու Անգլիայում, սակայն Ուելսի, Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները նմանատիպ ծրագրերիի ֆինանսավորման հասանելիություն ևս կստանան: Միևնույն ժամանակ իշխանությունները խոստանում են տուգանել այն գործատուներին, որոնք կարող են խոչընդոտել աշխատակիցների ինքնամեկուսացմանը:

Բացի այդ, ինքնամեկուսացման կանոններին չհետևող քաղաքացիներին 1000-ից մինչև 10 000 ֆունտ ստերլինգ տուգանք է սպառնում: 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազը հայտնել էր, որ Անգլիայում և Ուելսում կորոնավիրուսի օրենքների խախտումների համար սահմանվել է ավելի քան 19 000 տուգանք, սակայն դրանց կեսից ավելին դեռ վճարված չէ:

Վերջերս Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման և դրանից մահացության դեպքերի աճ է գրանցվել: Ըստ Ջոն Հոփքինս համալսարանի տվյալների՝  երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 400 000 դեպք, որից գրեթե 42 000-ը՝ մահվան ելքով:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...