11:58   22-09-2020
Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումը պետք է արժանանա միջազգային ուժեղ արձագանքի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Դաշինքի ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել լիարժեք և թափանցիկ հետաքննել միջադեպը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական իրավունքների դեմ:

«Մենք կոշտ դատապարտել ենք Ալեքսեյ Նավալնիի դեմ «Նովիչոկ»-ով կատարված հարձակումը: Ես Ռուսաստանին կոչ եմ անում այս սարսափելի հարձակման վերաբերյալ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի, սա հարձակում է ժողովրդավարական հիմնարար իրավունքների նկատմամբ: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենսդրության, մասնավորապես` զենքի վերահսկողության համաձայնագրի լրջագույն խախտում է»,-նշել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...