16:20   22-09-2020
«Լուկաշենկոն օրինական ղեկավար չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ». ԵՄ դիվանագիտության ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման օրինականությունը չճանաչելը չի նշանակում, որ Բրյուսելը չի աշխատի նրա հետ: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է eadaily.com կայքը:

«Այն փաստը, որ մենք այստեղ ժողովրդավարական լեգիտիմություն չենք տեսնում, չի նշանակում, որ մենք չենք հասկանում` ինչ իրողություններ կան», -հայտարարել է Բորելը:

Նրա խոսքերով` ԵՄ-ում հասկանում են «նրանց (Բելառուսի իշխանությունների) հետ աշխատելու անհրաժեշտությունը»:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Մինսկի հետ շփումները քաղաքական մակարդակով, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կարող են պակաս ինտենսիվ լինել, քան նախկինում: Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի մոտ նման իրավիճակ է ստեղծվել նաև Վենեսուելայի պարագայում, որտեղ Եվրամիությունը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչում որպես երկրի օրինական ղեկավար, բայց շարունակում է հնարավորինս աշխատել նրա հետ:

Բացի այդ, Բորելը հիշեցրել է, որ ԵՄ բոլոր արտգործնախարարները համարում են, որ Բելառուսում օգոստոսին կայացած նախագահական ընտրությունները կեղծված են և չեն ճանաչում դրանց արդյունքները:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...