17:12   22-09-2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, քննարկվել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք հարցեր
Թողնել մեկնաբանություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։

Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։

Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։

Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...