17:52   22-09-2020
Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները
Թողնել մեկնաբանություն

Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում Է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում Է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ջրային պաշարների վարչությունը:

Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել Է վերջին երկու տարվա ընթացքում, նշվել Է մամուլի տեղեկագրում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում Է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաեւ հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած Է 9 պարամետրերից…, վկայում Է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում Է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ:

Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել Է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչեւ 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչեւ 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել Է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլյայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել Է Հիսուս Քրիստոսը եւ ձկնորսություն են արել նրա առաքյալները:

Այժմ լիճը սնում Է հիմնականում մերձակայքի բնակավայրերը եւ ոչ մեծ ծավալի ջուր Է մատակարարում հարեւան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել Է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...