18:02   22-09-2020
Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ բնակչության առնվազն 8 տոկոսը հակամարմիներ ունի կորոնավիրուսի նկատմամբ, իսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճը կապված Է ոչ միայն թեստավորման ծավալի ավելացման հետ:


«Մենք կրկին խնդրում ենք՝ ովքեր կարող են տնից աշխատել, թող դա անեն»,-ասել Է Ջոնսոնը՝ դրանով իսկ հերթական «շրջադարձը» կատարելով, քանի որ դեռ անցած շաբաթ կառավարությունը մարդկանց կոչ Էր արել վերադառնալ գրասենյակներ: Անգլիայում փաբերը եւ ռեստորանները փակվելու են սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամը 10-ից, իսկ պատվերները կընդունվեն միայն սեղանների շուրջը նստած այցելուներից:


«Խոսքը երեկոյան ժամը 10-ին փակվելու, այլ ոչ թե վերջին պատվերի մասին Է»,-ընդգծել Է վարչապետը: Այժմ դիմակներ կկրեն խանութների ու ռեստորանների բոլոր աշխատակիցները: Նաեւ Ջոնսոնը կոչ Է արել երկրի բնակիչներին՝ խուսափել ավելորդ սոցիալիզացումից եւ շենքում տարբեր ընտանիքների հանդիպման արգելք Է սահմանել: Հարսանիքներում հյուրերի քանակը նույնպես սեպտեմբերի 21-ից նվազեցված Է՝ 30-ից մինչեւ 15 հոգի, հուղարկավորություններին առաջվա պես կարող Է 30 մարդ մասնակցել: Նախօրյակին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 4368, մահացել Է 11 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել Է 398 հազար 625-ի, մահացածներինը՝ 41 հազար 788-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...