Միացյալ Նահանգներն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առանց որևէ պայմանների Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (СНВ-3) ևս մեկ տարով երկարաձգելու նախաձեռնությանը, հայտնում է EAdaily-ին:
Հայտնի է, որ համապատասխան առաջարկը Պուտինը հնչեցրել է հոկտեմբերի 16-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում:
«Ես առաջարկ ունեմ, այն է՝ երկարաձգել գործող պայմանագիրն առանց որևէ պայմանների թեկուզ մեկ տարով»,- հայտարարել է Պուտինը, որի կարծիքով՝ դա ժամանակ կտա բովանդակային բանակցություններ անցկացնելու համար:
Բացի այդ, Պուտինը ՌԴ արտաքին գործերի նախարարին հանձնարարել է ՌԴ դիրքորոշումը հասցնել ամերիկյան իշխանություններին և նրանցից որևէ «հստակ պատասխան» ստանալ:
Սակայն Վաշինգտոնում բոլորովին այլ կարծիք ունեն: Ամերիկյան կողմը դեմ չէ երկարաձգել պայմանագրի ժամկետը մեկ տարով, սակայն ցանկանում է որոշակի պայմաններ պարտադրել:
Այս հարցի վերաբերյալ ամերիկյան ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն հնչեցրել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, որը Մոսկվայի առաջարկը բնութագրել է որպես «ձախողված»:
«ԱՄՆ-ն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից միջուկային զինանոցների սառեցման դիմաց: Նախագահ Պուտինի այսօրվա նախաձեռնությունը՝ պայմանագրի երկարաձգումն առանց միջուկային զինանոցների սառեցման, անհաջողության դատապարտված նախաձեռնություն է»,- հայտարարել է Օ'Բրայենը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «լրջորեն է տրամադրված զենքերի հսկողության հանդեպ, որպեսզի ամբողջ աշխարհը անվտանգ լինի»: Օ'Բրայենը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերանայի իր դիրքորոշումը նախքան դա կվերածվի սպառազինության թանկարժեք մրցավազքի:
СНВ-3 պայմանագիրը ստորագրվել է 2010-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի միջև: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011-ին, դրա ժամկետը լրանում է 2021-ին: